211652_close_icon
views-count5322 դիտում article-date 18:08 08-11-2017

Էդգար Ստեփանյան. Այս մեդալից հետո հասկացա, որ կարող եմ նոր հաջողությունների հասնել

Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձևում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն է մեծահասակների մրցաշարում: Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց և հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի. «Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու: Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից: Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով: Մեծահասակների խումբ անցնելը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նոր հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Էդգար Ստեփանյանը: Հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է` մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները: «Գավաթի խաղարկությունում կարևոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն բարելավել եմ: Ներկայումս 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ էլի միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել ևս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս: Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես կամ գերագնահատես քեզ, չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշեց հեծանվորդը:

Նմանատիպ նյութեր