211652_close_icon
views-count5124 դիտում article-date 21:10 07-11-2017

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացումները ցուցադրվում են մայրաքաղաքի երկու թատերական հարթակներում. նոյեմբերի մեկին Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում էր: Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում աճեմյանցիները երեկ ներկայացան «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» բեմադրությամբ, նույն բեմում Գյումրու թատրոնի «Սիրո Casting»-ին մայրաքաղաքի հանդիսատեսը կարող է մասնակցել նոյեմբերի 8-ին: «Ցանկացած ստեղծագործողի համար, հատկապես մարզային, մայրաքաղաքում «քննություն հանձնելը» չափազանց կարևոր է: Մենք ստեղծագործում ենք ոչ միայն Գյումրու կամ Շիրակի մարզի համար, հետևաբար ցանկանում ենք կոտրել պատնեշներն ու ավանդույթ դարձնել նման հյուրախաղերը»,-երևանյան հյուրախաղերը այսպես է գնահատում Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ միաժամանակ կարևորելով այն փաստը, որ վերջին շրջանում Գյումրու թատրոնում ակտիվացել է հոսքը մայրաքաղաքից: Աճեմյանցիներն այսօր անում են հնարավորն ու անհնարը թատերական քաղաքի երբեմնի համբավը վերականգնելու համար: «Վերջին տարիներին, ցավոք, ավելի հաճախ ասում են՝ գնանք Գյումրի խաշ ու քյալա ուտելու: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ասեն՝ գնանք Գյումրի լավ ներկայացում նայելու, ինչպես նախկինում է եղել»,-ասում է թատրոնի տնօրենը: Աճեմյանցիներն այս օրերին, կամա թե ակամա, հետևում ու համեմատում են Երևանի ու Գյումրու հանդիսատեսին: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով. «Երևանի հանդիսատեսը հավատացող է, ընդունող է: Այստեղ ներկայացման կեսից գնացողների դժվար է հանդիպել: Մայրաքաղաքում միշտ էլ կգտնվի մարդկանց մի խումբ, որը կմնա մինչև վերջ, կծափահարի, եթե անգամ չի հավանել ներկայացումը: Գյումրիում հակառակ պատկերն է. ներկայացման ընթացքում հանկարծ կարող ես լսել «դըմփ»՝ փակվող աթոռի ամենասարսափելի ձայնը, երբ հիասթափված հանդիսատեսը բարձանում է, որ հեռանա: Եթե գյումրեցին չի հավանում ներկայացումը, երբեք չի մնա, չի նստի ու քեզ հետ չի տանջվի դահլիճում: Նա իր վերաբերմունքն արտահայտում է տեղում»,- ասում է թատրոնի տնօրենը: Գյումրու հանդիսատեսի «գիտակ» թատրոնի գեղարվեստական խորհրդատու, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը հավելում է. «Եթե ներկայացումը հավանում են, միասնաբար կանգնում, ծափահարում են: Եթե՝ այնպես ոչինչ, նստած են ծափահարում, եթե չհավանեցին....»: Գյումրու հանդիսատեսի առանձնահատկությունն օգնում է թատրոնին, թե՞... Պարզվում է՝ օգնում է: Տիգրան Վիրաբյանն անկեղծանում է. «Փակվող աթոռի ձայնին սպասող վախն ու սրտի թրթիռն անընդհատ բեմադրիչի ականջներում ու սրտում է: Դա սթափեցնում է: Միաժամանակ, մենք փորձում ենք թատրոն բերել մի բան, որը գուցե և չընտրեր հանդիսատեսը, եթե թողնեինք միայն նրա ընտրությանը: Հակառակ դեպքում թատրոնը կարող է կորցնել իր առաքելությունն ու վերածվել միայն ժամանցի կամ «խնդալու» վայրի»: Գյումրու թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանի բնորոշմամբ՝ Գյումրին ինքը անմիջականություն է, մի մեծ սիրտ, ու ամեն ինչ այստեղ սրտով է ընկալվում, այդ թվում և թատրոնը: «Թատրոնը գրավիչ դարձնելու համար այսօր տեխնիկական տարբեր միջոցներ են օգտագործում: Գյումրու թատրոնի առանցքում շարունակում է մնալ մարդը՝ իր հոգեբանությամբ ու ենթաշերտերով: Եվ դա գրավում է հանդիսատեսին»,-ասում է Գաբոյանը: «Սա թատրոն է բառիս լայն իմաստով: Այստեղ իշխում է թատերայնությունը, այն, ինչ անհրաժեշտ է թատրոնին առհասարակ: Գյումրին տասնամյակներ շարունակ ունեցել է լավ թատրոն ու դաստիարակել է իր հանդիսատեսին, որը գիտի՝ որտեղ ծափահարել, որտեղ լռել: Կարճ ասած՝ երանելի թատրոն»,-Գյումրու թատրոնի գնահատականն ըստ ՀՀ վաստակավոր արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի: Անդրադառնալով Գյումրու թատրոնի երևանյան հյուրախաղերին, Շահվերդյանը նշում է. «Նման հյուրախաղերը խիստ անհրաժեշտ են, և անհրաժեշտ են ոչ միայն մարզային թատրոններին, այլև մայրաքաղաքի, որովհետև Աստված գիտե՝ որտեղ ինչ հետաքրքիր բան է ծնվում»: [b]Ալիսա Գևորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր