211652_close_icon
views-count7929 դիտում article-date 22:07 07-11-2017

Ստեփանակերտում բացվել է Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակը

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել արցախցի պետական-հասարակական գործիչ, գրող, մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հիշատակին նվիրված հարթաքանդակի հանդիսավոր բացման արարողություն: Ս. Աբրահամյանի հարթաքանդակը տեղադրվել է Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող նրա ապրած տան պատին: Ս. Աբրահամյանի հարթաքանդակի բացման պատիվը տրվել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Ս. Աբրահամյանի որդի Վլադիմիր Աբրահամյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վլադիմիր Աբրահամյանն ասել է. «Այս հարթաքանդակով կարծես հայրս նորից վերադարձել է իր սիրելի քաղաքը, որ հավերժ մնա ստեփանակերտցիների սրտում: Իմ հայրը բավականին հոգատար էր, ջերմ, անկեղծ ու սրտացավ. բարձր ինտելեկտով, բազմակողմանի զարգացած մարդ է եղել նա՝ միշտ պատրաստակամ ՝ աջակցելու մարդկանց: Մեր՝ երեխաներիս տված հարցերին հայրս պատասխանում էր հստակ՝ մատչելի բացատրությամբ: Ս. Աբրահամյանն Արցախի զարգացման գործում մեծ ներդրում ու լումա ունի»: Հարթաքանդակի հեղինակ, Արցախի տաղանդավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյանն էլ ասել է, որ ինքը Ս. Աբրահամյանի խորհրդով և օժանդակությամբ է հաստատվել Ստեփանակերտում, որտեղ էլ ցայսօր ապրում ու ստեղծագործում է: «Անշուշտ, Արցախը կշահեր, եթե Ս. Աբրահամյանի նման մարդիկ շատ լինեին: Բոլորս ենք պարտավոր արժևորելու Արցախի կյանքում նրա մեծ ներդրումը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Բանաստեղծ Սոկրատ Խանյանն էլ, բնութագրելով արգիս Աբրահամյանին, ասել է.«Նա, որպես հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչ, եզակի է: Ս. Աբրահամյանն իր գրական ժառանգությամբ ճանապարհ է հարթել Արցախում ստեղծվող գրականության համար: Նա գրական աշխարհ է բերել դպրոցական աշխարհը ներկայացնող թեմատիկա: Իրոք որ, Ս. Աբրահամյանը սերունդների հետ քայլող գրող էր, ով, ապրելով ընդամենը 54 տարի, թողեց հարուստ գրական ժառանգություն»: Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Սվետլանա Դավթյանն էլ Ս. Աբրահամյանի մասին իր խոսքում մասնավորապես ասել է.«Ես հպարտ եմ, որ մեր քաղաքում տեղադրվել է մի մարդու հարթաքանդակ, ով արժանի է մեծարման:Նա բարյացակամ, մարդամոտ, ազնիվ, հայրենասեր, մանկավարժ-մտավորական էր: Նա մեծ հետք է թողել մեզ՝ նրան ճանաչողներիս սրտերում: Երջանիկ առիթ եմ ունեցել մոտիկից շփվելու և ծանոթանալ նրա մարդկային տեսակի հետ:Իրոք որ, Ս. Աբրահամյանն ընտրյալ անհատականություն էր»: Միջոցառմանը ներկա էին Ս. Աբրահամյանի հարազատները, ընկերները, գրչակիցներ, ստեփանակերտցիներ և այլք: [url=https://artsakhpress.am/arm/news/75590/stepanakertum-bacvel-e-sargis-abrahamyani-hartaqandaky-lusankarner.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր