211652_close_icon
views-count7045 դիտում article-date 09:42 07-11-2017

Կարեն Կարապետյանը չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել: Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վաչապետը, արդեն տևական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս նրան: Կարեն Կարապետյանի համար թեև Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, և այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է: Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միևնույն է՝ նրանից ազատվել չի կարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ: Մեր հավաստի տեղեկություններով՝ վերջերս, «Դիլիջան» ազգային պարկում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ վարչապետը բնապահպանության նախարարին որոշ հարցեր է ուղղել, Արծվիկ Մինասյանը կտրուկ պատասխանել է նրան ու նշել, թե հենց դրա համար է ինքը ժամանակին առաջարկել փոխել «Դիլիջան ազգային պարկի» տնօրենին, բայց վարչապետը չի համաձայնել: Սա, բնականաբար, անձնական վիրավորանք է դիտարկվել Կարեն Կարապետյանի կողմից, որովհետև հիշում ենք՝ ամռանը, երբ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն նշանակվեց Արմեն Աբրահամյանը, մամուլը գրեց, որ նա ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել, իսկ Արծվիկ Մինասյանն ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՅԴ-ում էլ ոմանք չեն ողջունում Մինասյանի ըմբոստությունը և գտնում են, որ նա, ամեն դեպքում, չպետք է էլ ավելի լարի առանց այն էլ լարված հարաբերությունները: Բայց Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում համակերպվել վարչապետի, իր կարծիքով, սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Հենց դրա համար է վերջին շրջանում բնապահպանության նախարարն իր տարբեր հրապարակային ելույթներում, խոսքերում անընդհատ հղում անում ոչ թե վարչապետին, այլ ուղիղ Սերժ Սարգսյանին, դրանով ևս փորձելով ցույց տալ, որ վարչապետն իր համար հեղինակություն չէ, և ինքն ընդունում է միայն Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու ղեկավարությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր