211652_close_icon
views-count5885 դիտում article-date 22:09 06-11-2017

10 ճանապարհահատվածների համար մրցույթներ են հայտարարվելու. մրցույթների արդյունքներով կընտրվեն արհեստավարժ շինարարներ. Տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում առաջիկայում նախատեսվող մրցույթների անցկացման վերաբերյալ ճանաչողական հանդիպում։ Այն կազմակերպել էր նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և նպատակ ուներ հետաքրքրված կազմակերպություններին ծանոթացնելու մրցույթների ընթացակարգերին, ինչպես նաև էլեկտրոնային գրանցման «ARMEPS» համակարգին, որում նախապես գրանցված լինելը մրցույթներին մասնակցելու պարտադիր պայման է։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, մանրամասնելով գործընթացը, նշեց, որ այս շաբաթ արդեն նշված ծրագրի շրջանակներում 10 ճանապարհահատվածների համար մրցույթներ են հայտարարվելու։ Հիմնանորոգման ենթակա 59,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհները ներառում են Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի մարզերը։ Նա հույս հայտնեց, որ մրցույթների արդյունքներով կընտրվեն արհեստավարժ շինարարներ: Հանդիպմանը ներկա 18 շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվեցին ԾԻԳ-ի գործունեությունն ու դրա վերահսկողության ներքո գտնվող շինարարական ծրագրերը։ Ներկաներին լիարժեք տեղեկություն տրամադրվեց էլեկտրոնային գրանցման «ARMEPS» համակարգի, դրա նպատակների, գրանցման եղանակների, ինչպես նաև մրցույթների անցկացման հետ կապված մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր