211652_close_icon
views-count4855 դիտում article-date 20:00 06-11-2017

Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևորագույն գործընկերներից մեկն է՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում մեր երկրում համատեղ իրականացվել են 25 խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի վերանորոգման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհաշինական, Երևանի տրանսպորտային նոր համակարգի ներդրման, Հայաստանի թվային օրակարգի իրականացման ծրագրերը և այլն: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վենկայի Ժենգն ավելացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: ԱԶԲ փոխնախագահը նշել է, որ բանկն այժմ աշխատում է մինչև 2030 թվականը նախատեսվող ծրագրերի ռազմավարության վրա և նշել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության բոլոր ուղղությունները: Վենկայի Ժենգը տեղեկացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները: Նշվել է նաև, որ ԱԶԲ թիմն առաջիկա օրերին ժամանելու է Հայաստան՝ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության առնչվող տարբեր հարցեր և անդրադարձել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությանը:

Նմանատիպ նյութեր