211652_close_icon
views-count60573 դիտում article-date 09:44 06-11-2017

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. քաղաքապետի անկուսակցական թեկնածուն ջախջախիչ պարտության մատնեց գործող քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի վարչական շրջանում խոշորացված համայնքներում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն։ Թեկնածուներն էին գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը, ում պաշտպանում էր Հանրապետոական կուսակցությունը և անկուսակցական Վազգեն Ադամյանը։ Մինչ ընտրությունները, գործող քաղաքապետն իր ընտրողների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ինքնավստահ հայտարարում էր, որ հաղթանակն իր գրպանում է, «հեչի պես, քնած 5000-ից ավելի ձայն է հավաքվելու», մինչդեռ երեկ ընտրություններն ապացուցեցին հակառակը. գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը ստացել է 1422 ձայն, իսկ անկախ թեկնածու, անկուսակցական Վազգեն Ադամյանը՝ 4350 ձայն։ Ճամբարակցիներն ընտրություններից հետո միմյանց շնորհավորում էին փայլուն հաղթանակի համար ու ասում. «Վերջապես ազատվեցինք Յու. Ավալյանի պաշտոնավարումից ու հավատում ենք մեր նորընտիր քաղաքապետ Վ. Ադամյանին, ով մեր մատից փուշ կհանի ու նրան հաճախակի կտեսնենք Ճամբարակի ու խոշորացված համայնքների փողոցներում, բնակչության հետ խոսք ու զրույց անելուց, մեր դարդին դարման լինելուց, այլ ոչ թե Ավալյանի նման թափանը լցրած, նստատեղը կմաշեցնի բազկաթոռին։ Այստեղ են ասում՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։ Ինչպես ավելի վաղ Ճամբարակից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/22/1080448/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում տեղի էր ունեցել Ճամբարակի քաղաքապետի թեկնածու, ծնունդով արծվաշենցի Վազգեն Ադամյանի նախընտրական հանդիպումը իր ընտրողների հետ: Հանդիպումը բավականին մարդաշատ էր և հիմնականում մեծ թիվ էին կազմել երիտասարդները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք մեր ավագ սերնդից շատ բան ենք սովորել ու կյանքում չենք մոռանա ավագ սերնդի կատարած այն լավ ու բարի գործերը, որ նրանք են արել: Այսօրվա ավագ սերունդը 90-ականներին անառիկ է պահել սահմանը, ու այդ սերունդը այն թվերին մեր նման երիտասարդ էր: Հիմա ուզում ենք նորամուծություն: Հազիվ ենք համոզել Վազգենին, որպեսզի համաձայնվի իր թեկնածությունը դնի նոյեմբերի 5-ի Ճամբարակի քաղաքապետի ընտրություններում: Վստահ ենք նրա ուժերին, քանի որ մեր նման թիկունք ունի: Որոշ մարդիկ ամբաղ-զամբաղ չարախոսում են, թե Վազգենի թիկունքին ինչ-որ պաշտոնավորներ են կանգնած, այդ ամենը հերյուրանքներ են. նրա թիկունքին կանգնած է հող հայրենիքը սիրող քաղաքացին՝ Ճամբարակցին, նրա թիկունքում կանգնած է երիտասարդը, ով չի ուզում արտագաղթի իր երկրից, իր հողուջրից: Վստահ ենք, որ նոյեմբերի 5-ին մեր երիտասարդ թեկնածուն հաղթելու է ընտրություններում, ինչպես որ 90-ական թվականներին մեր ավագ սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում»: Ելույթներով հանդես էին եկել թեկնածուի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, ովքեր համառոտ ներկայացրել էին թեկնածուի կյանքն ու գործունեությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կառավարության ընդունված որոշման համաձայն՝ մի քանի համայնքներ միացվել և խոշորացվել են և նոյեմբերի 5-ին ընտրություններին մասնակցելու են 10 գյուղից ավելի բնակիչներ, ինչից հետո այդ գյուղերը դառնալու են մեկ միասնական մարմին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր