211652_close_icon
views-count7314 դիտում article-date 09:54 02-11-2017

Տավարաբուծության ձախողված ծրագիրն ու ժողովրդին պատճառված միլիարդների վնասները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է` տավարաբուծության զարգացման վայ ծրագիրը սկսվել է դեռևս 2007 թվականից: Ամենայն հավանականությամբ, ծրագրի մեկնարկի ժամանակ երջանկահիշատակ վարչապետը չէր էլ պատկերացնի, որ իր օրոք մեկնարկած ծրագիրը նման վնասներ կհասցնի ոչ միայն պետական բյուջեին, այլև անասնապահներին: Ու թեև ծրագրի մեկնարկից մինչև վերջերս բոլոր կառավարությունների օրոք էլ հայտարարվել է, թե այն 100%-անոց արդյունք է ապահովում, սակայն այս տարի վերջապես հայտարարվեց, թե իրականում ծրագրի տապալման պատճառով որքան է տուժել մեր պետական բյուջեն: Մասնավորապես պարզվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետևանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամի պարտավորություն: «Փաստը» նախարարությունից փորձեց պարզել, թե այս պահի դրությամբ ինչ խախտումներ են արձանագրվել, ինչն է եղել պատճառը, որ 8 տարի շարունակ պետությանը վնաս հասցնելու փաստն ավելի վաղ չի բացահայտվել: Մեր հարցմանն ի պատասխան Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրեցին, որ ծրագրի շրջանակներում ֆերմերների ընտրության և տոհմային երինջների հատկացման գործընթացներում արձանագրվել են մի շարք բացթողումներ: Իսկ ֆերմերների կողմից տոհմային երինջների դիմաց վճարումները, ներառյալ վճարումներն ուշացնելու համար առաջացած տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ չկատարելու արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 2–ի դրությամբ գոյացել է մոտ 1 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն: Պայմանագրերի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ դատարաններ է ներկայացվել 126 հայցադիմում, որից 6–ը գտնվում է սնանկության վարույթում: «Փաստի» տվյալներով, ծրագրով նախատեսված պարտավորությունների շրջանակներում հիմնականում էժան գներով՝ մոտ 30 դոլարով, ձեռք են բերվել հիվանդ կենդանիներ, որոնցից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո սատկել են: Գյուղնախարարության պատասխանում ոչ հերքվել և ոչ էլ հաստատվել է այս տեղեկությունը: Մեր հստակ հարցին գերատեսչությունից պատասխանել են՝ «Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացվել է կենդանիների ձեռքբերման մրցույթ, և ձեռքբերման գները ձևավորվել են գնման առաջարկների (հայտերի) քննարկման արդյունքում` ամենացածր գնային առաջարկի ընտրությամբ»: Ի դեպ, «Փաստը» փորձել է պարզել, թե կա՞ն արդյոք նախկին պետական պաշտոնյաներ, ովքեր պետք է պատասխան տան իրենց անարդյունավետ աշխատանքի և պետությանը նյութական վնաս պատճառելու համար: Այս հարցին կրկին ստացել ենք լղոզված պատասխան` թե ոլորտը համակարգող նախկին փոխնախարարներն ու վարչության պետերն այժմ չեն աշխատում նախարարությունում, իսկ ծրագրում տեղ գտած որոշ թերություններ կենդանիների ոչ ճիշտ կերակրման ու խնամքի պայմանների հետևանք են և պայմանավորված չեն պետական պաշտոնյաների գործունեությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր