211652_close_icon
views-count3653 դիտում article-date 22:00 01-11-2017

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Հալեպի առևտրի պալատի նախագահի հետ

Նոյեմբերի 1-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպեց Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը: Քննարկվեցին Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ ներկայացվեց անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվեց, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով: Քննարկվեցին նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հալեպի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը` այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ սկսելու և առաջընթաց ապահովելու նպատակով: Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` ս.թ. հոկտեմբերի 28-29-ը Սիրիա կատարած այցելության արդյունքների մասին:

Նմանատիպ նյութեր