211652_close_icon
views-count11805 դիտում article-date 13:49 01-11-2017

Ալեքսանդր Ռոմանովսկու երաժշտությունը թևածեց Խաչատրյանի փառատոնի ընթացքում

Հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնամուրային մենահամերգի երեկո էր։ Մենանվագով հանդես եկավ հայ երաժշտասերների կողմից շատ սիրված և համաշխարհային կատարողական արվեստում իր տեղը վաղուց հաստատած դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Ռոմանովսկու ստեղծագործական գործունեությունն անցնում է ամենափառահեղ դահլիճներով, նա լավագույն փառատոների սպասված մենակատար է։ Խաչատրյանական փառատոնը բացառություն չէ. Ռոմանովսկին պարբերաբար ելույթ է ունենում երաժշտական այս տոնի շրջանակներում և դարձել է Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատարը։ Փառատոնային երեկոյի ընթացքում Ալեքսանդր Ռոմանովսկին նվագեց ռոմանտիզմը ներկայացնող երկու հսկաների, գերմանական և ռուսական ազգային դպրոցները խորհրդանշող կոմպոզիտորների՝ Ռոբերտ Շումանի և Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Դաշնակահարի վիրտուոզ կատարումները չդադարող ծափահարություններով էին ընդունվում ունկնդրի կողմից։ Երաժշտի հրաշալի նվագը ստիպում էր հուզվել, խորասուզվել մեկ այլ աշխարհում, նրա հնչյունները հաղորդում էին ուժ, քնքշություն, թեթևություն ու մեղմություն։ Ռոմանովսկին ինքը խոստովանեց, որ շատ է սիրում Երևանը և հայ հանդիսատեսին։ Նա նաև նշեց, որ թանկ է գնահատում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը։ Դաշնակահարը նկատեց, որ մենահամերգը շատ պատասխանատու ելույթ է արվեստագետի համար, քանի որ հանդիսատեսի առջև միայն ինքն է ու իր գործիքը։ Դաշնակահարը համարում է, որ հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ոք պետք է լավ ու ազնվորեն անի իր գործը։ Նա երիտասարդ երաժիշտներին խորհուրդ է տալիս հետևողականորեն անցնել ընտրած ճանապարհով, չդավաճանել սեփական սկզբունքներին և այն գործին, որին ծառայում են։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր