211652_close_icon
views-count13617 դիտում article-date 18:45 31-10-2017

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը 2018թ. կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն ավանդաբար մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, և ամփոփվում է հունիսի 14-ին գալա համերգով։ Խաչատրյանի միջազգային մրցույթը երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Նշենք, որ խաչատրյանական մրցույթը յուրաքանչյուր տարի անցկացվում է 5 մասնագիտություններից մեկով` դաշնամուր, ջութակ, թավջութակ, դիրիժորություն, վոկալ։ 2018թ. հունիսի 6-14-ն անցկացվելիք մրցույթին կարող են դիմել 16-32 տարեկան թավջութակահարները։ Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Նախընտրական լսումներից հետո 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 30 մասնակից: Մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Մրցույթը նախատեսում է նաև մի շարք հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն պարգևատրման արարողության ժամանակ: Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018թ. ապրիլի 25-ը: Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Խորհրդի կազմում են համաշխարհային հռչակ վայելող գործիչներ՝ պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդ, Պավել Կոգան, Էլժբետա Պենդերեցկա, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլով, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկի, Մարկ Զիլբերկվիտ, Կոնստանտին Օրբելյան և այլ նշանավոր անձինք: Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը լայն է. միջազգային այս ստուգատեսին մասնակցում են երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և այլն։ Խաչատրյանի միջազգային մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել մրցույթի պաշտոնական կայքում http://khachaturian-competition.com/

Նմանատիպ նյութեր