211652_close_icon
views-count9447 դիտում article-date 15:56 31-10-2017

Հայաստանը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագով է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հնարավորություններ» համաժողովի բացմանը: Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում նշել է. «Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո անցկացվող համաժողովի առիթով: Բարի գալուստ եմ մաղթում արտասահմանյան մասնակիցներին: Կարեւոր է նաեւ, որ դահլիճում են հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողներն ու երիտասարդ գիտնականները, ովքեր ճեմարանականների հետ միասին որակյալ գիտելիք եւ տեղեկատվություն կստանան՝ լսելով զեկուցումներն ու ելույթները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի քանի սկզբունքային դիտարկումներ անել՝ կապված օրվա թեմայի հետ: Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման առաջին օրվանից անդուլ ջանքեր է գործադրում հարեւանների հետ խաղաղության, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Մի դեպքում դա ստացվում է, եւ մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղ համակեցության առկա օրինակները: Մյուս դեպքում տասնամյակներ գործադրված քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը, ցավոք, առայժմ արդյունք չեն տվել եւ դրա պատճառով մեր տարածաշրջանում խաթարվում են անվտանգությունն ու կայունությունը: Շատ չխորանալով տասնամյակների պատմության մեջ՝ ասեմ միայն, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել հանուն անվտանգ, ապահով ու կանխատեսելի տարածաշրջանի: Հարգելի՛ գործընկերներ, մեր գերխնդիրը եղել եւ մնում է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Մենք համոզված ենք, որ դրա լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Ադրբեջանի կողմից ռազմական լուծում տալու փորձերը ձախողվել են անցյալում, ձախողվում են այսօր, համոզված եմ՝ ձախողվելու են նաեւ ապագայում: Տեւական խաղաղությունն ու կայունությունը կհաղթանակեն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի զուգակցությամբ գտնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է ոչ միայն այդ իրավունքը, այլ նաեւ բարբարոսաբար վերացնում է հայկական քրիստոնեական հոգեւոր ժառանգության տասնյակ հազարավոր նմուշները, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայի խաչքարերը, եւ փորձում այս հակամարտությանը տալ կրոնական երանգ: Հայաստանը եւ Արցախը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագովներ են եւ դատապարտում են այս հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ադրբեջանական փորձերը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական ընդհատված երկխոսությանը, ապա, ցավոք սրտի, դրական տեղաշարժեր այս պահին չկան, ինչը, իհարկե, չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ժխտողականության եւ նախապայմաններ պարտադրելու քաղաքականությունը, որը մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել եւ հակասում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության մեր տեսլականին: Հարգելի՛ գործընկերներ, այսօր այստեղ են հավաքվել տարբեր կրոնների, ազգերի, քաղաքական համոզմունքների, նախասիրությունների ներկայացուցիչներ: Մեզ բոլորիս հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Չեմ կարող չօգտագործել առիթը եւ չընդգծել այն ներդրումը, որն ունի խաղաղության հաստատման գերբարդ գործում Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պարբերաբար հանդիպում է Հարավային Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Նորին Սրբություն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Տարածաշրջանի ժողովուրդներն ուշադրությամբ հետեւում են Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու կրոնական առաջնորդների հանդիպումներին՝ ակնկալելով դրական տեղաշարժեր խաղաղության այդ փնտրտուքում: Ցավոք, միջազգային ասպարեզում եւ մեր մեծ տարածաշրջանում անհանգիստ մթնոլորտ է: Լարվածության հին օջախներին գումարվում են նորերը: Խաղաղությանն ուղղված ջանքերը շնորհակալության եւ հարգանքի են արժանի: Կարծում եմ, որ այսօրվա համաժողովը եւս մեկ ներդրում է մեր բարդ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ բարիդրացիություն հաստատելու, ինչպես նաեւ ազնիվ ու որակյալ գիտափորձագիտական եզրահանգումների հասնելու գործում: Հարգելի՛ բարեկամներ, կրկին հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքին: Աստված սիրո եւ խաղաղության մեջ պահի մեր ժողովուրդներին»:

Նմանատիպ նյութեր