211652_close_icon
views-count3774 դիտում article-date 11:00 31-10-2017

Մեր ժառանգությունը պիտի փայփայենք՝ անկախ մանր-մունր, անցողիկ հանգամանքներից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սեպտեմբերի 8-ին լրացավ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը: Ես շատ հարցերում կարող եմ սխալվել, բայց Դուրյանի պարագայում վստահաբար պնդում եմ՝ նման դիրիժորներ մենք` հայերս, շատ քիչ ենք ունեցել: Նա անվիճելի հեղինակություն է միջազգային երաժշտական հարթակներում: Հայաստանում նույնպես «գործից հասկացողները» դասական են համարում նրա բազմաթիվ կատարումները: Դիրիժորի թեկուզև ոչ «կլոր» հոբելյանը անհրաժեշտ է նշել՝ բարեբախտաբար դա պատրաստվում է անել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բայց դա քիչ է՝ պետությունը նույնպես պետք է դրան մասնակցի: Ինչպե՞ս: Կարծում եմ՝ խորհրդային ոճի «հանդիսավոր նիստեր» հարկավոր չեն: Նշանավոր դիրիժորի հիշատակը հարգելու լավագույն ձևն է նրա մասին գիրք հրատարակելը և նրա ձայնագրությունները խնամքով հավաքելն ու մի քանի սկավառակով լույս ընծայելը: Իհարկե, հիշում ենք, որ Դուրյանն իր կյանքի վերջին տարիներին ինչ-ինչ ընդդիմադիր հայտարարություններ էր անում: Բայց դա այսօր, հավանաբար, խանգարող հանգամանք չպիտի հանդիսանա. ինչ որ մերն է, մեր ժառանգությունն է, մենք պիտի փայփայենք՝ անկախ մանր-մունր, անցողիկ հանգամանքներից: Այդ հանգամանքները ժամանակի հետ «մաղվում» են, մնում է կարևոր բաների «զուլալ ջուրը»: Մաղվում են ժամանակի և տարիքի հետ: Վերջերս թագավորական նվեր ստացա «Մշակութային վերածնունդ» հիմնադրամից՝ «հաստափոր», ավելի քան 900 էջանոց մեր եկեղեցու «Ժամագիրքը»՝ եվրոպական նոտագրությամբ, Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովածուն և Մակար Եմալյանի «Պատարագը»: Եվ որպես «բոնուս»՝ հայկական պարեղանակների սկավառակը: 20, առավել ևս 30 տարի առաջ ես չէի գնահատի, թե ինչ հարստությունների տեր եմ դարձել: Իսկ հիմա հավատում եմ՝ եթե մարդ ամեն օր թեկուզ մեկ մեղեդի երգի կամ լսի այդ գանձերից, նրա կյանքն էապես կփոխվի: Մեր ինքնազգացողությունը կախված չէ արտաքին հանգամանքներից՝ կառավարությունից, բարի կամ չար «շեֆերից», եղանակից, աշխարհագրական դիրքից և այլն: Կյանքի հաջողված կամ չհաջողված լինելը պայմանավորված է մեկ անձի մտածելակերպով, և այդ անձն, անշուշտ, մենք ենք: Արտաքին հանգամանքները միայն հուշում են մեզ, թե որ ճանապարհով է գերադասելի գնալ: Այդպիսի «հուշարարություն» էր «Մշակութային վերածննդից» ստացած նվերը: Օհան Դուրյանի կատարումների ձայնագրությունների սկավառակը նույնպես շատերին կարող է ինչ-որ բան հուշել: Այդ ուղերձները լսելը կամ չլսելն, իհարկե, ազատ ընտրության հարց է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր