211652_close_icon
views-count6766 դիտում article-date 17:35 30-10-2017

Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը եւ այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին եւ նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եղել եւ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի եւ ձեւաչափի շրջանակում, ընդգծել է նաեւ հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արեւելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ եւ պահանջում են տարբերակված մոտեցում: Արեւելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարեւորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների եւ, միգուցե, նաեւ «Արեւելյան գործընկերություն +» ձեւաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արեւելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել:

Նմանատիպ նյութեր