211652_close_icon
views-count9772 դիտում article-date 15:35 30-10-2017

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի եւ Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոեւի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով: Միջպետական կապերի առավել խորացման հարցում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է պետական մակարդակով փոխայցերը եւ այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան: Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող են ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերը: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` կողմերը պետք է այս հարթակում օգտագործեն առկա ներուժը` նպաստելու երկկողմ շահավետ որոշումների ընդունմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Տաջիկստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր