Եվրոպայի առաջնություն. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջատարների թվում է
2017.10.30 14:35


Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: Հայաստանի տղամարկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեց, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ պարտվեց: 2-րդ տուրից հետո աղյուսակը 4-ական թիմային միավորով գլխավորում են 7 թիմ:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Խորվաթիայի ընտրանին:
Կանանց առաջնության երկրորդ տուրում մեր թիմի մրցակիցն էր մրցաշարի ֆավորիտ համարվող Ուկրաինայի ուժեղ հավաքականը: Մրցախաղում մեր թիմը պարտվեց 1-3 հաշվով. մեր թիմի կազմում Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտվեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ:
Կանանց մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 8 թիմ: Մեր հավաքականը վաստակած 2 միավորով կիսում է 9-22-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սերբիայի հավաքականը:

Տեսանյութ
