211652_close_icon
views-count11709 դիտում article-date 12:52 30-10-2017

Ապագա տնտեսագետներն՝ առաջնագծում. այցելություն Ասկերանի, Մատաղիսի զորամասեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երիտասարդության և ուսանողության տոներին ընդառաջ ապագա տնտեսագետներն այցելեցին առաջնագիծ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի կողմից ավանդաբար կազմակերպվող «Ուսանողներն առաջնագծում» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ 50 ուսանողներ այցելեցին Ստեփանակերտ, Ասկերանի, Մատաղիսի զորամասեր: Նրանց էին միացել նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի մի խումբ ուսանողներ: Ստեփանակերտում ուսանողները հանդիպեցին վարչապետի, պետական նախարարի հետ: Այնուհետև ուղևորվեցին Ասկերանի զորամաս, այնտեղ գիշերեցին, հաջորդ առավոտյան ուղևորվեցին դեպի Մատաղիսի զորամաս, նվերներ հանձնեցին զորամասին, զինվորների համար կազմակերպվեց մշակութային ծրագիր: Ավանդաբար իրականացվող ծրագրի նպատակն է բուհ-բանակ կապի ամրապնդումը, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումը: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդրի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հավաստիացրեց՝ բանակ-հասարակություն կապը շատ ուղղակի են հասկացել, և դա իրենց համար ինչ-որ կենացների, ցանկությունների մակարդակ չէ. «Նման ծրագրեր իրականացրել ենք մինչև այս էլ, ուղղակի հիմա մասշտաբներն ենք փոխել: Փաստացի ուսանողական ծրագրերի մեջ և գոնե այն ծրագրերում, որտեղ ֆինանսավորումը կատարվում է երիտասարդական հիմնադրամի կողմից, բոլոր ուսանողական կառույցների մոտ ցանկություն է առաջացել, որ տարեկան պլանում մեկ-երկու խոշոր ծրագիր իրականացվի Արցախում: Այս ծրագրով երկու խնդիր ենք լուծում: Նախ ապահովում ենք Արցախ այցելություն, քանի որ գտնում եմ, որ մեր երիտասարդները պետք է ճանաչեն Արցախը: Մինչդեռ շատ երիտասարդներ դեռ չեն եղել Արցախում: Նախ այդ խնդիրն ենք լուծում, որպեսզի Արցախը տեսնեն, ճանաչեն, սիրեն, հասկանան՝ ինչի համար ենք պայքարել ու պայքարում: Նպատակն է՝ մեր սահմանը պահող երիտասարդների կողքին լինել, թեկուզ կարճ ժամանակով, բայց իրենց ոգևորել, իրենց մի քանի օրերն ավելի հետաքրքիր դարձնել, անել այնպես, որ կապն ավելի ամուր լինի»: Պարոն Ավագյանը նշեց, որ այսպիսի ծրագրեր իրականացվում են բոլոր բուհերի հետ՝ Բժշկական համալսարան, Պոլիտեխնիկ, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան: Պարոն Ավագյանը վստահեցրեց, որ հիմնադրամն առաջնահերթ է դարձնելու Արցախում իրականացվող ծրագրերը. «Ուզում ենք, որ Արցախի երիտասարդությունը ճանաչի ՀՀ երիտասարդությանը: Ինքնին ձեռքբերում է, որ նման այցելությունների ընթացքում երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները համագործակցում են միմյանց հետ, ինչի շնորհիվ հետո կարողանում ենք ավելի մեծ ու շատ ծրագրեր իրականացնել»: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ նման ծրագրերով լուծվում է ուսանողություն- բանակ կապը. «Ուսանողները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից տեսնել զինվորի կյանքը, թե ինչպես է նա ապրում, ծանոթանալ առօրյա պայմաններին, իսկ զինվորները հնարավորություն ունեցան ինչ-որ ժամանակահատված կտրվել իրենց առօրյայից ու շփվել ուսանողների հետ»: Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ՝ Արցախ այցելության համար ընտրվել են հիմնականում այն ուսանողները, որոնք երբեք Արցախում չեն եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր