211652_close_icon
views-count12002 դիտում article-date 23:05 27-10-2017

Իսկապես սպասված է և անհրաժեշտ. Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ միասին, ուղևորվել են սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերի կազմակերպման ծրագիրը, որն արդեն դարձել է ավանդական, իսկապես առանձնակի է կարևորվում մեր կողմից: 2013 թվականից մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելել զինծառայող իրենց որդիներին և տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Հերթական այս այցի շրջանակում, որն ինչպես գիտեք, այս տարվա արդեն երկրորդ այցն է, զորամասեր կայցելի շուրջ 1600 ծնող: Բազմիցս եմ ասել, որ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարևոր ծրագիր է, և մենք շարունակելու ենք տարեկան առնվազն երկու անգամ սիրով կազմակերպել այս այցերը: Եվ, ընդհանրապես, մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են: Ի դեպ, քիչ հետո ծնողներին կհայտնենք նաև մեր անակնկալի մասին, որ այսօր ես և պաշտպանության նախարարը նրանց հետ կմեկնենք զորամասեր, որտեղ կհանդիպենք մեր զինվորներին: Մեզ մաղթենք բարի երթ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին և Ստեփանակերտի քաղաքապետին, որ մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի լիարժեք կյանքի կոչման հարցում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մշտապես մեծ պատրաստակամությամբ են մասնակցում այս ծրագրին՝ ապահովելով զինծառայողների ծնողների անվտանգ ուղեկցումը դեպի զորամասեր: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն իսկապես սպասված է և անհրաժեշտ: «Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնության համար, իրոք, շնորհակալ է Երևանի քաղաքապետարանին և մենք միշտ սիրով աջակցում ենք, որ մեր զինվորների ծնողներն այցելեն իրենց որդիներին: Նախորդ անգամ մենք Երևանի քաղաքապետի հետ միասին ծնողներին խոստացանք, որ մենք էլ մեծ սիրով իրենց հետ կայցելենք զորամասեր և այսօր կատարում ենք մեր այդ խոստումը: Այս ծրագրի հետ կապված նաև հավելեմ, որ այն իսկապես շատ կարևոր և սպասված է, նաև լավ օրինակ է դարձել մեր մյուս քաղաքների համար և այս տարի Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս ցանկություն են հայտնել հանդես գալ նման նախաձեռնությամբ», - նշել է Վիգեն Սարգսյանը: Այնուհետ, մեկնող բոլոր ավտոբուսներին մոտենալուց և զինվորների ծնողներին բարի երթ մաղթելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես և նշել էին նախապես, ընկերակցել են մեկնողներին և հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին, մեկնել են զինծառայողների հետ հանդիպման:

Նմանատիպ նյութեր