211652_close_icon
views-count5794 դիտում article-date 12:45 26-10-2017

Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում գումարվել է խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը` Ազգային ժողվի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է ներկայացված օրինագծերի շուրջ կատարված նախապատրաստական աշխատանքները: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանարապետության օրենքի նախագիծը, որով ԱՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի համապատասխան՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում, և ձևավորվում է նոր կառավարություն՝ ԱՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից: Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատգամավորներին է ներկայացրել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված է լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Օրինագծերի շրջանակում ճշտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են լիցենզավորման կարգերի ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի աշխատանքներ: Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին, որից հետո քվեարկությամբ ընդունվել են բոլոր վերոնշյալ օրենքները: Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռամելա Դադայանը: Նիստի եզրափակիչ հատվածում Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Արցախի և Հայաստանի միջև նախատեսված միջխորհրդարանական նիստի նախապատրաստության մասին, որը տեղի կունենա նոյեմբերին Երևանում:

Նմանատիպ նյութեր