211652_close_icon
views-count4513 դիտում article-date 13:49 25-10-2017

Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի հարկաբյուջետային և ֆինանսական շուկաների զարգացմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլարի վարկը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է. աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: «Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն՝ Շեյն Ռոզենթալը: «Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման և երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»: Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները: Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելու պետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը: ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատել է 1.27 մլրդ ԱՄՆ դոլարի 26 վարկ և 16.5 մլն ԱՄՆ դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ: ԱԶԲ-ն, որի գլխամասը տեղակայված է Մանիլայում, իր ջանքերն ուղղում է Ասիայի ևԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը` ներառական տնտեսական աճի, շրջակա միջավայրին չվնասող կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, և նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից 48-ը այս տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի կողմից տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրերում:

Նմանատիպ նյութեր