211652_close_icon
views-count5462 դիտում article-date 18:29 24-10-2017

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը, վերջին տարիներին Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլերը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ընդգծել է օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես բարեկամական խմբերի գործունեության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում: Պարոն Մոնտեյրոն, հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն, նշել է, որ ԼՂ հակամարտության հարցում Բրազիլիան իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ վերահաստատելով խաղաղ լուծման կողմնակից լինելը: Դեսպանի խոսքով՝ հարեւանների միջեւ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում: Արա Բաբլոյանը, նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, արձանագրել է՝ հարաբերություններն աշխուժացել են հատկապես վերջին տարիներին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ բրազիլացի գործընկերները միջազգային տարբեր կառույցներում մշտապես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նախաձեռնություններին: Արա Բաբլոյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին՝ այդ համատեքստում կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդի բարեկեցության ապահովմանն առնչվող հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ մեկնելով Հայաստանից՝ նա կշարունակի մնալ մեր երկրի հավատարիմ բարեկամը:

Նմանատիպ նյութեր