211652_close_icon
views-count47779 դիտում article-date 13:59 24-10-2017

Գանձասարում հիմք դրվեց հայկական նոր ավանդույթին. հռչակավոր եկեղեցիներն կունենան իրենց յուրահատուկ, ձեռագործ գորգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 23-ին Արցախի Գանձասար եկեղեցում տեղի ունեցավ «Գանձասար» գորգերի օրհնման արարողությունը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Նախաձեռնության հեղինակը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է։ Ըստ դեսպանի՝ նախաձեռնության մտահղացումը եղել է 2 տարի առաջ՝ Գանձասար կատարած ուխտագնացության ժամանակ, երբ եկեղեցում տեսել են ոչ հայկական գորգ: Դիզայներ Նաիրա Մխիթարյանի մոտ չորսամսյա նախագծմամբ և «Մեգերյան կարպետ» ընկերության վարպետների մեկ ու կես տարվա աշխատանքով ստեղծվեց 3 եզակի, ձեռագործ գորգերի համալիր՝ Գանձասար եկեղեցու խորհրդանիշերով ու զարդերով: Գորգերի համալիրը կոչվել է «Գանձասար»: Ըստ էության, Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկի՝ պատմական եկեղեցիների, վանքերի ու համալիրների համար մշակութային նոր ավանդույթ է հիմնվում, որը փոխում է նաև մեր արժանիության հարցը: Եթե մինչ այժմ մեր ներդրումը մեզ հասած ժառանգության մեջ դրսևորվում էր միայն վերանորոգումների միջոցով, որոնց արդյունքը մեծամասամբ խիստ վիճելի է, ապա այժմ հիմնվում է մի ավանդույթ, որը հարստացնում, զարգացնում և ինչ-որ իմաստով նաև ընդգծում է հայկական մշակութային հարստությունը: Դեսպան Միքայել Մինասյանի խոսքով, առաջիկայում յուրահատուկ, ձեռագործ գորգերը կնվիրվեն Շուշիի Սուրբ Ղազանչեցոց, Ամարասի և Դադիվանքի եկեղեցիներում: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարեց հատուկ այս ավանդույթի համար ստեղծված գորգի օրհնության կարգ: Ծիսակատարությանը ելույթով հանդես եկավ նաև «Մեգերյան Կարպետ» ընկերության ղեկավար Րաֆֆի Մեգերյանը. նա ասաց, որ գորգի պատմությունը պարզապես պատմություն չէ. «Գորգի պատմությունը շատ խորն է, մեր ազգի, մեր կորցված ժողովրդի պատկերն է, որի հետևից մենք կարողանում ենք գնալ և ետ բերել: Ես շնորհակալ եմ, որ մեզ վստահեցիք «Գանձասար» գորգը հյուսելը: Մեր հայ աղջիկների ձեռքերով է հյուսվել այն, շնորհակալ եմ»: Օրհնության կարգից հետո գորգերը փռվեցին եկեղեցու ներսում, և Պարգև արքեպիսկոպոսը աղոթքից հետո շնորհակալություն հայտնեց Միքայել Մինասյանին և Մեգերյան ընտանիքին, սրբազանի բնորոշմամբ, պատմական այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 461+
461+

Նմանատիպ նյութեր