211652_close_icon
views-count5022 դիտում article-date 21:08 23-10-2017

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի հետ

Հոկտեմբերի 23-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, Հայաստան-Բուլղարիա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ Իվայլո Մոսկովսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց 2015թ. դեկտեմբերին Սոֆիայում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի որոշումների իրականացման ընթացքը: Կարևորվեց համագործակցության խթանմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման, համապատասխան գերատեսչությունների միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին նոր առաջարկություններ` կապված Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հետ: Նշելով երկու երկրների առևտրատնտեսական փոխանակումների առկա ցուցանիշների ոչ բավարար մակարդակը` հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին այն հասցնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակին՝ այդ նպատակին ծառայեցնելով երկրներում առկա մեծ տնտեսական ներուժը: Քննարկվեց Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը: Այս կապակցությամբ, նկատի ունենալով ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը, ինչպես նաև «5-րդ ազատություն» ծրագիրը, որ տալիս են որոշակի արտոնություններ ավիափոխադրողներին` դեսպան Սարգսյանն առաջարկեց մեկ անգամ ևս շահագրգիռ քննարկումներ իրականացնել բուլղարական ընկերությունների հետ: Նախարար Մոսկովսկին խոստացավ մանրամասն ուսումնասիրել հարցն ու ընդունելի որոշումներ գտնել ուղիղ ավիաչվերթի վերաբացման ուղղությամբ: Կողմերն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավման հարցերին, մասնավորապես՝ տարբեր ոլորտներում դեռևս 1990-ական թվականներին ստորագրված մի շարք երկկողմ փաստաթղթերի թարմացման անհրաժեշտությանը: Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին միջկառավարական հանձնաժողովի Երևանում նախատեսված հերթական նիստի անցկացման հետ կապված հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր