211652_close_icon
views-count2711 դիտում article-date 17:44 23-10-2017

Մեկնարկել է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» գիտաժողովը

Հոկտեմբերի 23-ին մեկնարկել է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին մասնակցում են պատվիրակներ ԱՊՀ երկրներից։ Գիտաժողովներն անցկացվում են սկսած 2011 թվականից և հիմնական առանցքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնն է, որտեղ ուսումնասիրվում են օրգանական նյութերի քիմիան և արտադրության տեխնոլոգիաները, դեղագործական արդյունաբերության հնարանքները և ուսումնասիրվող բնագավառին հարակից այլ խնդիրներ, օրգանական նյութերով աղտոտված հոսքաջրերր մաքրումը և այլն: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը, ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ գիտաժողովի ընթացքում անցկացվում են քննարկումներ, որոնք օգտակար են ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրների բնապահպանական խնդիրները լուծելու համար։ Ըստ այդմ գիտաժողովի արդյունքներն ու եզրակացությունները շատ կարևոր են միջազգային հանրության համար։ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀԱՊՀ դոկտորանտ Վահան Դավթյանը նկատեց, որ բնապահպանության նախարարությունը կարևորում է այս գիտաժողովը, քանի որ այն նպաստելու է շրջակա միջավայրի մոնիտորինգի պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերացման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների ներկայացմանը։ Իսկ արդի ժամանակներում սա լավագույն տարբերակն է, որպեսզի մենք կարողանանք պայքարել ներկա մարտահրավերների դեմ։ Վահան Դավթյանը առաջարկեց՝ գիտաժողովի լավագույն զեկույցները քննարկման ներկայացնել բնապահպանության նախարարության գիտատեխնիկական խորհրդում, այնուհետև հնարավորության դեպքում կյանքի կոչել։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր