211652_close_icon
views-count3675 դիտում article-date 16:10 23-10-2017

Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։ Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և «Ջրային կառույցներ» ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչև վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ և ծաղկապատ տարածքների, ծառերի և թփերի խնամքի ու պահպանման աշխատանքները։ Վարչական շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են նաև չորացած ծառերի հատման և սանիտարական էտի աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է նաև ակտիվացնելով աշնանային տերևաթափով պայմանավորված ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքները։ Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 11-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր