211652_close_icon
views-count9171 դիտում article-date 23:19 20-10-2017

Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը և նորը կառուցել. իշխանությունների ու փորձագետների կարծիքները չեն համընկնում

Հայաստանում քննարկում են, թե ինչ անել 41-ամյա ատոմակայանի հետ. փակե՞լ այն և կառուցել նո՞րը, թե՞ երկարաձգել նրա կյանքը: Մեծամորի ատոմակայանը գտնվում է հայ-թուրքական սահմանից 16կմ հեռավորության վրա և անվտանգության առումով բավականին զգայուն հարց է և Հայաստանի, և Թուրքիայի համար: Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում, որի տեքստը հրապարակվել է վերջերս, խոսվում է նաև ատոմակայանի մասին: Համաձայնագրում պնդում կա, որ 1976թ-ին շահագործման հանձնված կայանը պետք է փակվի և նորով փոխարինվի, սակայն չի նշվում, թե երբ և ինչպես է դա պետք անել: «Կարծում եմ՝ մեր առջև ատոմակայանի փակման ժամանակահատվածի որոշման խնդիր է դրված: Վաղ թե ուշ մենք կկանգնենք այդ խնդրի առջև, չէ՞ որ այն հնարավոր չէ մշտապես շահագործել», – ասում է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը: Հայաստանի իշխանությունները տարիներով խոստանում են նոր ատոմակայան կառուցել: Այդ սխեման Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների ցանկում էր: Համեմատաբար վերջերս փոխվարչապետ Վաչե Գաբրիելայնը հայտարարել է, որ իշխանությունները չեն հրաժարվում այդ պլանից, և նոր ատոմակայանի շինարարությունը կարող է սկսվել 2022-2023թթ-ին: Սակայն այժմ առաջին անգամ հանրային կերպով երկրի ղեկավարությունից հնչեց կասկած, թե արդյոք դա պետք է անել: «Ենթադրենք, մենք ունենանք նոր ատոմակայան: Սակայն մի պահ պատկերացրեք, վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ էներգիայի նույն քանակն առանց ատոմակայանի: Եվ այդ ժամաակ ատոմակայանի միջոցով արտադրված մեր էներգիան սպառողների համար շատ ավելի թանկ կլինի: Ուրեմն մեզ համար ո՞ր ճանապարհով գնալն ավելի ճիշտ կլինի: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների ճանապարհով», – լրագրողներին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա հետ, սակայն, համաձայն չեն Հայաստանի շատ փորձագետներ: Տնտեսագետ Վիգեն Խաչատրյանն ասում է, որ աշխարհը դեռևս չի հասել այն մակարդակին, որպեսզի ատոմային էներգիան փոխարինվի արևայինով, կինետիկով կամ այլ էներգիայով: «Ատոմակայանի փակումը զգալիորեն կվատթարացնի Հայաստանի դիրքը տարածաշրջանում: Բացի այդ, ատոմակայանի փակման գործընթացն ինքնին պարզ բան չէ: Դրա համար տարիներ են պետք», – ասում է Խաչատրյանը: Ներկա պահին Մեծամորի ատոմակայանն ապահովում է պահանջարկի 40 տոկոսը: Այն Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է: Ատոմակայանի շենքը ունակ է 9 բալ մագնիտուդով երկրաշարժի դիմանալ: Դա կարևոր է, քանի որ Հայաստանն սեյսմի տեսանկյունից անկայուն գոտում է գտնվում: Ատոմակայանի նոր բլոկի կառուցման համար, փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, մոտ 5 մլրդ դոլար կպահանջվի, այն էլ եթե դա միջին՝ 600Մվտ հզորության բլոկ լինի, այսինքն՝ լուրջ ներդրումներ են պետք: Սակայն ատոմակայանի փակումն, ըստ նրա, Հայաստանին կզրկի էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունից և երկրի անվտանգության տեսանկյունից հարված կլինի: «Հնարավոր ուղղությունը, որը կարող է փոխարինել ատոմային էներգիայի արտադրությունը, դա հիդրաէներգետիկան է: Ներկա պահին հիդրաէլեկտրակայաններին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 25%-ը: Զարգանում են նաև վերականգնվող էներգիայի աղբյուրները, սակայն դա երկարաժամկետ հեռանկար է: Առանց ատոմակայանի Հայաստանը կզրկվի բավականին հասանելի էլեկտրաէներգիայից: Բլոկադայի պայմաններում դա բավականին ուժեղ հարված կլինի երկրի համար», – համարում է Վահե Դավթյանը: [url=https://jam-news.net/?p=65174&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր