211652_close_icon
views-count2348 դիտում article-date 18:35 18-10-2017

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր՝ հոկտեմբերի 17-ին, չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում: Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն առնչվող խնդիրներ, որոնք դուրս են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից: Տեղեկացնենք, որ Ն. Պողոսյանի՝ հացադուլում գտնվելու նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկել իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է գտնվում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր