211652_close_icon
views-count5965 դիտում article-date 15:07 18-10-2017

Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել և հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին: Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար և գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարևորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարևորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր