211652_close_icon
views-count32973 դիտում article-date 11:29 18-10-2017

Մահացել է Լևոն Հայրապետյանը

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը։ Այս մասին Մոսկվայից տեղեկացրել է լրագրող Վահե Ավանեսյանը։ «Ինձ կհուղարկավորեք ծնողներիս կողքին»,-եղել է մեծ հայի վերջին խոսքը։ Լևոն Հայրապետյանը մահացել է այսօր առավոտյան, երկարատև ծանր հիվանդությունից։ Նրան կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանոցում։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից իբրև թե խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի, Լ. Հայրապետյանը մոլորեցրել է նախկին սենատորի մորը՝ խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։ Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում էր ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։ 2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլլար։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևում էին մերձակա բլուրներից։ Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։ «Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլլար գումար»,- ասել էր գործարարը;

Նմանատիպ նյութեր