211652_close_icon
views-count8505 դիտում article-date 18:51 17-10-2017

Արցախում բացվել է ազատագրված Հակ գյուղի վերակառուցված դպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հակ գյուղը` Քաշաթաղի շրջանի ամենահյուսիսային համայնքներից մեկը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, նշեց տեղի դպրոցի բացումը հիմնահատակ վերակառուցումից հետո: Դպրոցը վերակառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով: Բացմանը ներկա էին Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ աշխատակիցներ, «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և այլ հյուրեր: Մինչև վերակառուցումը, դպրոցը գտնվում էր խիստ անբարեկարգ և երեխաների համար վտանգավոր վիճակում, իսկ շինության մի մասը լիովին ավիրված էր: Մոտ չորս ամիս տևած աշխատանքների արդյունքում դպրոցը հիմնովին վերանորոգվել է` կառուցվել է նոր տանիք, նորոգվել է հատակը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ, կառուցվել են սանհանգույցներ, ինչպես նաև կատարվել են ընդհանուր վերանորոգման աշխատանքներ: Հարուստ հայկական ժառանգություն ունեցող Հակ գյուղը, որը քսաներորդ դարի սկզբում էթնիկ զտումների էր ենթարկվել Ադրբեջանական զինված ուժերի կողմից, ազատագրվել է 1990-ական թվականների սկզբում: Սակայն, պատերազմից հետո, ինչպես Քաշաթաղի շրջանի շատ գյուղեր, Հակը հայտնվել էր վերաբնակեցման, վերակառուցման և զարգացման լուրջ անհրաժեշտության առջև: Այսօր Հակն Արցախի առավել արագ զարգացող և երիտասարդ գյուղերից մեկն է. այստեղ ավելի քան 110 անձ է ապրում, որից 50-ը` երեխաներ: Դպրոցի անբարեկարգության պատճառով գյուղի դպրոցահասակ երեխաների մի մասը ստիպված էր հաճախել հարևան գյուղերից մեկի դպրոցը: Հաշվի առնելով այստեղ ապրող երեխաների աճող թիվը` տեղի դպրոցի վերակառուցումն ու բարեկարգումը դարձել էր համայնքի գլխավոր առաջնահերթությունը: Կատարված վերակառուցման և վերանորոգման աշխատանքների շնորհիվ Հակի դպրոցը ավերակներից վերածվել է բարեկարգ, ապահով և լուսավոր կրթօջախի: Ներկայումս դպրոցում սովորում է 15 երեխա, սակայն վերակառուցման արդյունքում այն կարող է մինչև 50 աշակերտ ընդունել, այդ թվում նաև մոտակա գյուղերից: Շնորհավորելով Հակի բնակիչներին այս նոր ձեռքբերմամբ, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց. «Շուտով դպրոցն արդեն մոտ 50 աշակերտ կունենա, և այս երեխաներն են, որ կյանք են տալիս այս կրթօջախին, կյանք են տալիս ողջ գյուղին` շունչ հաղորդելով դպրոցի պատերին և լցնելով դասարանները իրենց ժպիտով, ծիծաղով, աշխուժությամբ, ուրախ աղմուկով... և հենց այս երեխաներն են, որ մեծանալով այս պատմական գյուղում, կյանք կտան մեր ազատագրված հողերին և կդարձնեն դրանք մեր հայրենիքի անբաժանելի մասը:» Բացի գյուղի միակ կրթօջախը լինելուց, դպրոցը նաև կարևոր համայնքային կենտրոն է, որտեղ այսուհետ բազմազան հանրային, մշակութային, մանկապատանեկան և սպորտային միջոցառումներ են կարող անցկացվել: Դպրոցը նաև մեծ կարևորություն ունի որպես աշխատատեղ` ներկայումս այստեղ աշխատում են 9 մշտական ուսուցիչներ և 5 ադմինիստրատիվ աշխատակիցներ: «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն իր ուղերձում ասաց. «Շատ ուրախ ենք, որ այս դպրոցն իրականություն դարձավ, և որ կարողացանք Թուֆենկյան հիմնադրամի հետ միասին շատ արագ, սեղմ ժամկետներում այս ծրագիրն իրականություն դարձնել: Անհամբեր սպասում ենք այն օրին, երբ դպրոցն այնքան աշակերտներ ունենա, որ այս դասասենյակներն արդեն չհերիքեն նրանց, և մենք ստիպված լինենք գալ և ուրախությամբ ընդարձակել դպրոցը:» Միանալով շնորհավորանքներին, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն շնորհակալություն հայտնեց Թուֆենկյան հիմնադրամին և «Հայրենասեր» կազմակերպությանը, ասելով` «Մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք Սփյուռքի հայության և բոլոր հայերի աջակցությունը այս երկիրը վերակառուցելուն ուղղված մեր ջանքերին»: Հակի դպրոցի վերակառուցումը Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացվող` Արցախի սահմանամերձ տարածքների վերաբնակեցման և զարգացման ծրագրի մի մասն է: Այս նախաձեռնության շրջանակներում, Թուֆենկյան հիմանդրամը ռազմավարական նշանակություն ունեցող Քաշաթաղի շրջանում իրականացրել է կառուցապատման ավելի քան 40 աշխատանքներ` կառուցելով կամ վերանորոգելով մի շարք առանձնատներ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն: Ազատագրված տարածքներում գործող կրթօջախների բարեկարգումը Թուֆենկյան հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: Բացի Հակի դպրոցից, հիմնադրամը կառուցել և հետագայում ընդարձակել է Առաջամուղ գյուղի դպրոցը, վերանորոգել է Հոչանց գյուղի դպրոցը, հիմնել Գետափ գյուղի տարրական դպրոցը և վերանորոգել Աղավնատուն գյուղի դպրոցը: Բացի այդ, հիմնադրամը երաժտշական գործիքներ է տրամադրել Բերձորի երաժշտական դպրոցին և դպրոցական գրադարաններ կառուցել կամ բարեկարգել Քաշաթաղի գրեթէ բոլոր գյուղերում: Այս աշխատանքների իրականացման համար հիմնադրամը աջակցություն է ստացել մի շարք անձանց և կազմակերպությունների կողմից: Այդ թվում են` Հայկական կրթական հիմնարկությունը (Առաջամուղի դպրոց), Վիրջինիա Դեյվիսը (Հոչանցի դպրոց), Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը (Գետափի դպրոց), OneArmenia կազմակերպությունը և Միացյալ Թագավորության հայկական կենտրոն տրեստը (Աղավնատան դպրոց): Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում: [b]www.tufenkianfoundation.org Facebook.com/TufenkianFoundation[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր