211652_close_icon
views-count4963 դիտում article-date 09:58 17-10-2017

Ղրղզների ընդվզումը․ ԵՏՄ-ն՝ քաղաքական նոր ճգնաժամի շեմին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության արտահերթ նիստ հրավիրել, պատճառը Ղազախստանի հետ սահմանին տիրող իրավիճակն է: «Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդպիսի իրավունք ունեմ»,- երեկ հայտարարել է Ատամբաևը: Ղրղզստանի ու Ղազախստանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերին անակնկալ կերպով իր աջակցությունն է հայտնել Ղրղզստանի նախագահի թեկնածուներից մեկին՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նազարբաևին մեղադրել է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: Այս ամենին Ղազախստանն արձագանքել է՝ խստացնելով վերահսկողությունը սահմանին, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանային անցակետում մեծ կուտակումներ են: Նախագահական երեկվա ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել Ատամբաևի պաշտպանյալը՝ Սորոնբայ Ժենբեկովը, սակայն այս հանգամանքը որևէ կերպ չի թուլացրել լարումը ղրղզա-ղազախական հարաբերություններում: Ղրղզստանի նախագահական ընտրությունների հետևանքով ստեղծված իրավիճակը լավագույնս բացահայտում է ԵՏՄ-ի քաղաքական բնույթը, էությունը: ԵՏՄ-ում գոյություն չունեն քաղաքական ընդհանուր օրակարգ, շահեր: Մոսկվայի կայսերական ամբիցիաների սպասարկման նպատակով ձևավորված այս միությունում անդամ երկրները նույնիսկ անառողջ մրցակցության, լարվածության մեջ են: Ռուսաստանի և Բելառուսի միջև պարբերական դարձած «առևտրային պատերազմները», Ղրղզստանի և Ղազախստանի, կարելի է ասել, թշնամական հարաբերություններն ասվածի լավագույն դրսևորումն են: Անցած տարվա ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում դաշնակիցներ չունի, ավելին՝ Բելառուսն ու Ղազախստանն իրենց բացահայտ, անթաքույց աջակցությունն էին հայտնում Բաքվին: Մեծ հաշվով՝ ԵՏՄ-ն արհեստական միավորում է, որի գոյությունը երկարաձգվում է բացառապես Մոսկվայի շանտաժի և ճնշումների շնորհիվ: Ակնհայտ է, որ Ռուսաստանում Պուտինի իշխանության հնարավոր ճգնաժամը հանգեցնելու է ԵՏՄ-ի քայքայմանը: Սակայն Ատամբաևի երեկվա հայտարարությունը, ԵՏՄ արտահերթ նիստ նախաձեռնելու նրա վճռականությունն ուշագրավ են նաև այլ առիթով, որն անուղղակիորեն բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության անդեմությունը, մեր էլիտայի պետական մտածողության դեֆիցիտը: Նույնիսկ Ղրղզստանը, որը համարվում է ԵՏՄ-ի ամենաթույլ պետությունը, վճռական քայլերի է դիմում, երբ միությունում ոտնձգություն են կատարում իր ինքնիշխանության դեմ: Երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ակնհայտ մարտահրավեր նետեց Հայաստանին՝ հրապարակայնորեն նվաստացնելով Սերժ Սարգսյանին, մեր իշխանությունները լռեցին: Պաշտոնական Երևանը լռում է նաև բոլոր այն դեպքերում, երբ Մինսկն ու Աստանան բացահայտորեն պաշտպանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր