211652_close_icon
views-count5585 դիտում article-date 22:28 16-10-2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է USAID-ի առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է տիկին Դեբորա Գրիզերին՝ Հայաստանում USAID-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող երկու՝ Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման և էլեկտրաէներգետիկական ազատ շուկայի բրոքերների պատրաստման ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ծրագրերի։ Քննարկվել են մասնավորապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման SCADA համակարգի ներդրման հետ կապված հարցեր։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներ։ Այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար և անպայման կիրականացվի։ -Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար,- ընդգծել է նախարարը։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ հարցերի։ [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր