211652_close_icon
views-count5589 դիտում article-date 16:58 16-10-2017

Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Բենինի եւ Սլովակիայի խորհրդարանների ղեկավարների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հավելել, որ երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ են եւ հավելել, որ օրենսդիր մարմինների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում նպաստում են երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի դերը եւ ակտիվ գործակցությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսի պատմական արժեքների մասին դեռեւս դպրոցական տարիքից են տեղեկանում աշխարհի բոլոր ժողովուրդները եւ այս իմաստով կարելի է ասել, որ Եգիպտոսն աշխարհինն է: Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-եգիպտական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է նաեւ Բենինի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Կողմերը կարեւորել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր