211652_close_icon
views-count2529 դիտում article-date 12:59 16-10-2017

Փոստային առաքանիների փոխադրման գործընթացն ավտոմատացված համակարգով կիրականացվի. ՊԵԿ

«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին արդեն ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մաքսատանը և հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց էր: Նման ընթացակարգը խոչընդոտում էր նաև փոստային փոխադրումների ծավալների աճին և ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այսօր քաղաքացին հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում, դրանք վճարում և առաքանին ստանում է մոտակա փոստային մասնաճյուղից: Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն, ապահովել հաշվետվությունների ավտոմատ ձևավորում, կիրառել տվյալների վերլուծության գործիքներ և իրականացնել ռիսկերի գնահատում:

Նմանատիպ նյութեր