211652_close_icon
views-count8453 դիտում article-date 15:34 13-10-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին. քննարկվել են նոր հեռանկարներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է վերջին երկու տարիներին Իրանի կապի և հաղորդակցության ոլորտում իրականացված ծրագրերը, գրանցված առաջընթացը։ Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի սարքավորումների, փոստային ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել հայկական ընկերությունների հետ: «Առաջին իսկ առիթի դեպքում իրանական ընկերությունները պատրաստ են հյուրընկալվել Հայաստանում և քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները»,- ասել է Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» (datacenter) հիմնելու ծրագիրը։ Նա ընդգծել է, որ այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ուստի կենտրոնի կառուցման գործում ցանկալի է իրանական մասնավոր կամ պետական ընկերության հետ համագործակցությունը։ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նույնպես ընդգծել է մասնավոր ընկերությունների ներգրավվածության նպատակահարմարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև ինտերնետ կապի փոխանակման, դրանց ծավալները մեծացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային ծառայությունների, կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության նոր հեռանկարները և հնարավորությունները։ Նախարար Վահան Մարտիրոսյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության զարգացման կոնկրետ ուղղությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր