211652_close_icon
views-count8200 դիտում article-date 15:53 12-10-2017

Միջնորդների առկայությամբ սահմանին ռազմական գործողություններն ապտակ են ՄԱԿ ԱԽ 3 մշտական անդամներին. Շ. Քոչարյան

«Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե` ա՛յ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց։ Ակնհայտ էր, որ այդ կաշառելու գործընթացը կհասնի իր այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, ընդգծելով, որ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենն անվերջ շարունակվել չի կարող: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի սադրիչ գործողություններին բանակցային գործընթացում։ «Վերջիվերջո, Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Հիմա հարց. Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են, և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել է այդ ձևաչափից»,-հավելեց նա: Շավարշ Քոչարյանն ասաց նաև, որ իրեն որևէ բան հայտնի չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին: «Եթե որևէ բան լինի, կհայտարարվի: Հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռնտու չէ։ Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր