211652_close_icon
views-count6847 դիտում article-date 10:55 12-10-2017

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ. «Ամերիկայի ձայն»

«Հայ զինվորները անձնվեր են և վարժված»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին. «Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»: Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում և արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։ Ընդհանրապես Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել և զինել Հայկական բանակի բժիշկների և խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին. «ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»: Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որևէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ. «Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»: Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաև Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին. «Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»: Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ. «Իրոք շատ հետաքրքիր է հետևել այս գործնական և անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը և կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարևոր ապագայի ներդրումը»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4066414.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր