211652_close_icon
views-count9887 դիտում article-date 10:31 12-10-2017

Լևոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում մարդիկ ինչի մասին էլ վիճեն, դա, ի վերջո, հանգեցնում է «ռուսամետների» և «արևմտամետների» հակադրության: Ճիշտն ասած, երբեք չեմ դասել ինձ նշված ճամբարներից որևէ մեկին: Ի դեպ, ինձ դուր չեն գալիս նաև մեր քաղաքական գործիչների հպարտ բացականչությունները` «ես հայամե՛տ եմ»: Եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ինքնին հասկանալի է, որ դու պետք է գործես այդ պետության շահերից ելնելով` ավելորդ անգամ դա շեշտադրելը, կարծես, կասկածներ է սերմանում` գուցե կարող էր նաև այլ կե՞րպ լինել: Հարգանքով եմ վերաբերվում բոլոր ժողովուրդներին և բոլոր մշակույթներին, և որևէ մեկին «միտված» լինելն, ինձ թվում է, կեղծ օրակարգ է: Տվյալ երկրի օրվա իշխանությունների քաղաքականությունը մեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց որևէ «թագավորի գահակալությունն» անցողիկ երևույթ է, պատմության տեսանկյունից դա ակնթարթ է: Եթե Պուտինը կամ Թրամփն այսօր, իմ կարծիքով, սխալ քաղաքականություն են վարում, դա ամենևին չի նշանակում, որ իմ հայացքները հակառուսական են կամ հակաամերիկյան: Ես չեմ ցանկանում իմ և իմ պետության ճակատագիրը կապել որևէ այլ պետության կամ «թագավորի» հետ` 21-րդ դարում քաղաքական մտքի այդ «ուղղությունը» առավել մանկամիտ և անպատեհ է թվում: Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը ծավալվել է «ռուսամետ-արևմտամետ» հարթության մեջ։ Այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ՝ ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցները ու հակառակորդները։ Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները՝ «Արևմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» և այլն։ Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, և պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը և ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետևում։ Ինձ թվում է՝ եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է և խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց և երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որևէ մեղք չունեն։ Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարած հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձևավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը։ Կարելի է մինչև ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին և դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը և լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ ... Լևոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր