211652_close_icon
views-count29084 դիտում article-date 10:05 12-10-2017

Սերժ Սարգսյանի հարձակողական ելույթը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, և Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է Չինաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի հարցը, նաև խոսել է ԵՏՄ-ն չինական «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծին ինտեգրելու մասին՝ ասելով, որ այն պետք է ներառի կազմակերպության անդամ բոլոր երկրներին: Հարցն այն է, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ էության, գտնվում են այլ գծի վրա և ամենևին շահագրգռված չեն այն հարցով, թե ինչպիսին է Հայաստանի հեռանկարը չինական այդ խոշոր նախագծում: Ավելին՝ Հայաստանն այստեղ դառնում է, փաստորեն, այսպես ասած մրցակից նրանց համար՝ մրցակից փոքրամասնություն: Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, որ չինական այդ կարևոր նախագծին ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի բոլոր երկրներով՝ թերևս ակնարկում է ԵՏՄ նախագահներին, որ եթե Հայաստանը դուրս մնա նախագծից, եթե փորձեն Հայաստանին անկյունում թողնել, ապա Երևանը կարող է և խնդիր լինել ԵՏՄ մյուս անդամների համար այդ ծրագրին միանալու հարցում: Սարգսյանն ակնարկել է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ ԵՏՄ անդամների ինտեգրացիոն այլ ուղղություններով խորացումը, ընդհանուր առմամբ, նպաստավոր է ԵՏՄ համար: Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև ԵՏՄ-ում, այսպես ասած, կառավարման թվային տեխնոլոգիաների առաջմղման հարցը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջատար է, և Սարգսյանը նաև ակնարկել է, որ անդամ երկրների հաջողված փորձը պետք է լինի կիրառելի: Այդպիսով, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր և կոնկրետ հարցեր: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկման առարկա էր դարձել ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտների և կորուստների հարցը՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ: Օգնե՞լ է դա Սերժ Սարգսյանին կոնկրետանալ և որոշակիորեն ագրեսիվանալ ԵՏՄ մյուս անդամների առաջ, թե՞ Սերժ Սարգսյանի այդ շեշտադրումները պայմանավորված են բոլորովին հակառակով՝ նա «Ելք»-ի նախաձեռնության առիթով հերթական անգամ ցույց տվեց, որ լիովին տնօրինում է ներքին իրավիճակն ու ի վիճակի է կառավարել զարգացումները, ինչն էլ նրան հիմք տվեց ավելի վստահ լինել ԵՏՄ-ում: Բացառված չէ, որ Սարգսյանի վստահությունը բխում է նաև արտաքին քաղաքական այլ իրողություններից, որոնք գալիս են թե՛ Արևմուտքից, թե՛ Չինաստանից ու Իրանից: Ներկայումս, ընդհանուր առմամբ, իրավիճակ է, որը Հայաստանին տվել է բավականին բազմավեկտոր մոտեցումների հնարավորություն, միաժամանակ Ռուսաստանին էլ զրկելով, այսպես ասած, առարկության փաստարկներից՝ մի շարք հանգամանքների բերումով: Ի վերջո, այդ ամենին զուգահեռ, Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՏՄ-ում, ըստ էության, նաև բխում է Ռուսաստանի խնդիրներից՝ հաշվի առնելով այն, որ Երևանի պահանջները, խոշոր հաշվով, ուղղված են ավելի շուտ ԵՏՄ մյուս անդամներին՝ Բելառուսին և Ղազախստանին մասնավորապես, քան Ռուսաստանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր