211652_close_icon
views-count15986 դիտում article-date 17:57 11-10-2017

Մաքրվել ու բարեկարգվել է Ամբերդ հուշարձանի տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 18-ի թիվ 541 որոշմամբ ստեղծվել են Արագածոտնի մարզի Անտառուտ և Օրգով համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» և Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող «Բերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները և որպես մասնաճյուղեր ընդգրկվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Մշակութային ժառանգության պահպանությունը և, մասնավորապես, Ամբերդի հեռանկարային զարգացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջերս Ամբերդ էր այցելել Հանրապետության Նախագահը: Ամբերդ ամրոցի վերականգնման ծրագիրը կսկսվի 2018 թ., իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ, վեր են հանվում առկա խնդիրները, մշակվում` լուծման մեխանիզմները: Հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը միտված միջոցառումներն, այդ թվում նաև սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների իրականացումը մշտական բնույթ են կրում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների (Երևանի, Արագածոտնի ու Շիրակի մարզային ծառայությունների) 70-ից ավելի աշխատակիցներ Ամբերդում էին: Նրանք մաքրման աշխատանքներ են իրականացրել ամրոց-բերդաքաղաքն ընդգրկող պատմաճարտարապետական հուշարձանների` ամրոցի պարիսպների, բաղնիքի, մատուռի, բնակելի շինությունների, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու հարակից տարածքներում: Հատուկ նյութերի միջոցով մաքրվել են նաև հուշարձանների քարերին արված «գրառումները»: «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետք է յուրաքանչյուրիս մտահոգի: Հուսով եմ, որ առաջիկայում մեզ կմիանան նաև հասարակական կազմակերպություններ, շարքային քաղաքացիներ: Նախատեսում ենք նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի և մի շարք այլ հուշարձանների տարածքներում», -նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Ի դեպ` նախատեսվում է նմանօրինակ միջոցառում իրականացնել նաև արցախցի գործընկերների հետ`Արցախի հանրապետության հուշարձանների տարածքներում: [b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր