211652_close_icon
views-count7041 դիտում article-date 23:08 10-10-2017

Քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության ավելացման քայլերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամադ Շարիաթմադարիի հետ։ Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը դեռ չի բավարարում և այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա։ Մուհամադ Շարիաթմադարին, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ նախարարության հետ իրականացվող քայլերը հենց դրան են ուղղվելու։ Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ընթացքին։ Նախարար Մուհամադ Շարիաթմադարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կարճ ժամկետում ձեռք կբերեն վերջնական պայմանավորվածություններ։ Սուրեն Կարայանը և Մուհամադ Շարիաթմադարին քննարկել են համատեղ արտահանող-ներմուծող ընկերությունների գործակցության հեռանկարները։ Հստակեցվել են այս մասով պատասխանատուները, այն է` հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իրանական կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Մոջթաբա Խոսրով Թաջը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ առաջիկայում կխմբավորվեն երկկողմ ապրանքները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու դեպի երկու երկրների շուկաներ դրանց դյուրացված մուտքի համար։ Նախարարներն անդրադարձել են նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցությանը։ Ըստ պայմանավորվածության՝ «Մեղրի» ԱՏԳ-ում հատուկ տարածք կհատկացվի իրանական սերտիֆիկացման ծառայությունների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները և համատեղ արտադրությունները, որոնց պարագայում Հայաստանը կհանդիսանա հարթակ այլ շուկաներ մուտք գործելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր