211652_close_icon
views-count6990 դիտում article-date 18:20 10-10-2017

Ադրբեջանական կոռուպցիան նոր դրսևորումներով արտահանվում է Եվրոպա. Մ. Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն անդարադարձել է ադրբեջանական կոռուպցիոն սկանդալներին: Ելույթում Մելքումյանը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Միանշանակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեությունը և աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում խիստ կարևոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում: Սակայն, որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ և նպատակային, անհրաժեշտ է, որ նաև տվյալ տարածաշրջանում լինի կայունություն և ժողովրդավարություն: Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, և նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ: Այսպիսով՝ նա արտահանում է յուրօրինակ մի ծառայություն, որը խաթարում է տարբեր միջազգային կառույցներում նորմալ կյանքը, որոշումներ ընդունելու ինստիտուտները փոշիանում են, կորում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ: Ուստի շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատմամբ: Կարծում եմ, մենք պետք է գնանք իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետևանքները անդառնալի են: Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով: Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում: Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որևէ արդյունք չեն տալիս և չեն տալու: Տնտեսական և ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում: Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ հարևան երկրից լրագրող են առևանգում և ներմուծում սեփական երկիր՝ բռնությունների ենթարկելու համար: Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար: Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Guardian-ը և այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ ծուխը առանց կրակի չի լինում»:

Նմանատիպ նյութեր