211652_close_icon
views-count6143 դիտում article-date 16:38 10-10-2017

Նախարար Սուրեն Կարայանն Իրանում ստորագրել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցից «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հուշագրում ամրագրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։ Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։ Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը։

Նմանատիպ նյութեր