211652_close_icon
views-count12477 դիտում article-date 16:57 09-10-2017

«Վրձնի հետքերով…» նկարչական փառատոն. նկարում են ուսանողներն ու անցորդները

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում երիտասարդներն ու անցորդները իրենց գաղափարները հանձնում էին մոլբերտների վրա տեղադրված կտավներին։ Նախաձեռնությունը «Վրձնի հետքերով…» խորագիրը կրող նկարչական փառատոնի շրջանակներում էր։ Կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ այս ծրագրով փորձել են համախմբել տարբեր բուհերի ուսանողներին, որոնք սիրում են գեղանկարչությունը, գույների աշխարհը։ «Հետաքրքիր է տեսնել, թե ինչ են հուշում երիտասարդների վրձնահարվածները, ինչպես են նրանք ընկալում երևույթներն ու հաղորդում դրանք կտավին։ Մենք այս ծրագրով ցանկացել ենք փոքրիկ տոն ստանալ՝ ներգրավելով նաև անցորդներին։ Ինքս նկարել չեմ կարողանում, սակայն սիրում ու գնահատում եմ արվեստի այս ճյուղը»,- ասաց Կարեն Ավագյանը։ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներգրավված են պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ, որոնց մեջ կան և՜ պրոֆեսիոնալ նկարիչներ, և՜ մարդիկ, որոնք պարզապես սիրում են նկարել։ ՀԿ նախագահը նկատեց նաև, որ ծրագիրը դարձնելու են շարունակական։

Նմանատիպ նյութեր