211652_close_icon
views-count13222 դիտում article-date 14:40 09-10-2017

Երիտասարդ արվեստագետները մեթոդներ են մշակում քաղաքացիներին մշակույթին մոտ պահելու համար

Հոկտեմբերի 6-8-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) 30 ուսանողներ վարպետության դասեր ստացան ոլորտում հայտնի արվեստագետների կողմից: ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից անցկացված «Արվեստագետ և քաղաքացի» խորագրով եռօրյա համաժողովի շրջանակներում 2-րդ և 3-րդ կուրսերի ակտիվ ուսանողները հանդիպումներ ունեցան ոլորտում հայտնի արվեստագետների հետ՝ բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյան, Արա Խզմալյան, Արշալույս Հարությունյան, Մխիթար Ավետիսյան, Սամսոն Ստեփանյան, բուհի դեկաններ: Ուսանողները մասնակցեցին «արվեստագետ և քաղաքացի» խորագրով դասախոսությունների, փորձառու դերասաններից և ռեժիսորներից ստացան մասնագիտական խորհուրդներ: Այնուհետև խաղացին ուսանողական ներկայացում և հանդես եկան պարային կատարումներով: Հոկտեմբերի 7-ին երիտասարդ արվեստագետներին հյուրընկալվեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա տեղեկացրեց՝ առաջին անգամ չէ, որ ուսանողներին հնարավորություն է տրվում շփվելու, ծանոթանալու իրենց մասնագիտությունը ներկայացնող արդեն կայացած ավագ գործընկերների հետ. «Բացի փորձառու արվեստագետների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումից կարևոր բաղադրիչ է նաև այն, որ ուսանողները հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ: Մեր օրերում՝ թվայնացված աշխարհում, մի փոքր հետ է ընկել սովորական մարդկային շփումը: Շատ դեպքերում ուսանողները կողք կողքի նստած չեն շփվում միմյանց հետ»: Կարեն Ավագյանի հավաստմամբ՝ նման հանդիպումները նպատակ ունեն նաև գտնել ուղիներ՝ քաղաքացիներին մշակույթին մոտեցնելու համար. «Քաղաքացիների մեծ մասը, հնարավորություն ունենալով մոտ լինել մշակույթին, այսօր հեռացել է: Երիտասարդ արվեստագետները մտածում են մեթոդներ ու մեխանիզմներ մշակել, որպեսզի օգտագործելով նոր տեխնոլոգիաները՝ քաղաքացիներին մոտ պահեն մշակույթին»: ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Հարությունյանն էլ կարևորեց այն, որ Թատերականի ուսանողները կրթվեն ոչ միայն որպես լավ արվեստագետներ, այլև հանրապետության համար արժանի քաղաքացիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր