211652_close_icon
views-count13240 դիտում article-date 10:51 06-10-2017

Նախամարդու աշխարհայացք՝ անգղերը եկել են Թուրքիայից և արժանի են նման վերաբերմունքի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե մարդը սպանում է կենդանիներին կամ թռչուններին՝ պարզապես զվարճանալու, դրանից հաճույք ստանալու համար, ուրեմն, ինձ թվում է, նա հոգեկան խնդիրներ ունի: Օրինակ՝ նրան մանուկ ժամանակ չեն սիրել, կամ դասարանցիները նրան ծաղրել են, և նա հասուն տարիքում ինքնահաստատվելու այլ ձև չի գտել, քան հենց այնպես կրակելն ու արյուն թափելը: Իսկ որ դա հենց ինքնահաստատվելու ձև է, ապացուցում է այն հանգամանքը, որ բոլոր, այսպես կոչված, «որսորդները» սիրում են լուսանկարվել իրենց զոհի հետ: Այսինքն՝ իրենց քիչ է պարզապես սպանելը, նրանց պետք է նաև դրանով պարծենալ, դա ցուցադրել, դրա մասին պատմել ճշմարիտ և սուտ պատմություններ: Պատահական չէ, որ կա հատուկ ժանր՝ որսորդական պատմություններ, երբ այդ «մասնագիտության» մարդիկ հավաքվում են խարույկի շուրջը և սկսում են գլուխ գովել՝ «ես այսքան առյուծ (արջ, բադ, լոր) եմ սպանել», «իսկ ես՝ այնքան»: Լուսանկարվել քո կամ ուրիշի կողմից սպանված կամ պարզապես սատկած արյունոտ լեշի հետ՝ դա նույնպես, իմ կարծիքով, որոշակի պաթոլոգիայի դրսևորում է: Այսինքն՝ ի՞նչ, դու հաղթե՞լ ես նրան, դու ավելի ուժե՞ղ ես, կարողացել ես դա ապացուցե՞լ: Չգիտեմ, թե ի՞նչ է այս դեպքում նախատեսված օրենսդրությամբ, բայց ինձ թվում է՝ սա նույնպես կենդանի բնության նկատմամբ դաժան, ցինիկ, անմարդկային վերաբերմունքի դրսևորում է: Սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարված գյուղապետի դեպքում այդ ամենը զուգակցվում է ազգային, ավելի ճիշտ՝ ազգային-ազատագրական մոտիվներով: Ըստ նրա՝ այդ անգղերը եկել, հասել են Հայաստան Թուրքիայի կողմից և հետևաբար միանգամայն արժանի են նման վերաբերմունքի: Նախ՝ դա ճշգրիտ տեղեկություն չէ. բնապահպանության նախարարը երեկ վկայեց, որ այդ թռչունները տարածված են նաև Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Բայց առավել կարևորն այն է, որ մարդկանցից բացի, ոչ մի կենդանի արարած՝ սկսած մեղուներից և վերջացրած առյուծներով, ազգություն չունի: Հետևաբար հոգեպես առողջ մարդը չի կարող որևէ կենդանի էակի նկատմամբ ազգային հողի վրա «թշնամանք» կամ «բարեկամություն» զգալ: Ընդհանրապես, կենդանական աշխարհի ներկայացուցիչներին մարդկային գծեր վերագրելը, կարծում եմ, հատուկ է հազարամյակներ առաջ ապրող նախամարդու աշխարհայացքին: Այո, կենդանին կարող է լինել ագրեսիվ, կարող է քեզ վրա հարձակվել, կարող է քեզ վնաս տալ: Բայց դա չի նշանակում, որ նա քո նկատմամբ թշնամանք ունի: Առավել ևս՝ ազգային: ... 20-րդ դարի մեծագույն հումանիստներից մեկը՝ Ալբերտ Շվեյցերը, գերադասում էր նստել տոթ սենյակում, քան բացել պատուհանը և նպաստել, որ թիթեռները թռչեն իր սենյակ և այրեն իրենց թևերը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր