211652_close_icon
views-count2965 դիտում article-date 14:28 05-10-2017

Երևանի քաղաքապետը պարգևներ ու կոչումներ է շնորհել Ուսուցչի օրվա առթիվ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին ներկա է գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և իրենց կրթած ու դաստիարակած սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ: «Այն առաքելությունը, որ ստանձնել և պատվով կատարում եք դուք, վստա՛հ եղեք, որ միայն խոսքերով կամ պարգևներով չէ, որ գնահատվում է: Յուրաքանչյուր մանկավարժի աշխատանքը բոլորիս կողմից գնահատվում է ամեն օր, քանի որ միշտ ձեզ է վերապահված եղել ապագա լավ ու հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու սուրբ գործը: Եվ ես համոզված եմ, որ կրթական այն համակարգը, որը ստեղծել ենք նաև ձե՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ, ներկա ու գալիք սերունդների համար կապահովի այնպիսի կրթություն, որը կնպաստի մեր երկրի շարունակական զարգացմանն ու հզորացմանը: Նաև վստա՛հ եղեք, որ մեր պետությունը շարունակելու է միշտ խրախուսել բոլոր այն մասնագետներին, ովքեր նվիրումով են կատարում իրենց աշխատանքը: Շնորհակալ եմ, որ դուք կաք և անկեղծ նվիրումով դաստիարակում ու կրթում եք մեր սերունդներին», - նշել է Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կազմակերպվում է Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի մրցույթ, որի արդյունքներով հաղթողներին դիպլոմները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, 2016-2017 ուսումնական տարվա «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Լ. Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ համար 99 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Կարեն Ասատրյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ համար 56 մանկապարտեզի դաստիարակ Կարինե Պետոյանը: Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի համար 23 մանկապարտեզի դաստիարակ Մարիամ Ահարոնյանը և Ա. Միկոյանի անվան համար 166 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Թամարա Խաչատրյանը: Երևանի Վ. Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի շրջանակում իրենց յուրօրինակ կատարումներով մանկավարժներին շնորհավորել են մայրաքաղաքի մշակութային ու հանրակրթական օջախների տաղանդաշատ սաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր