211652_close_icon
views-count2482 դիտում article-date 12:31 05-10-2017

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ Ուսուցչի տոնի առիթով

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլեւ գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար: Ուստի ուսուցչի աշխատանքը, մեծ պատիվ ու պատասխանատվություն լինելով, միաժամանակ նաեւ հնարավորություն է` իսկական բավականություն ստանալու ցանած սերմի արդյունքը տեսնելիս: Որակյալ եւ մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության եւ բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ եւ մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում: Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձեւավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը: Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր