211652_close_icon
views-count3255 դիտում article-date 21:38 04-10-2017

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում կնշվի Գրադարանավարի օրը

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանավարի օրվա առթիվ իրականացնում է «Կյանքը` գրքերով» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը: Ծրագրին միացած 130 գրադարաններում նախատեսված են թվով 298 միջոցառում` վերջին տարիներին հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մարզերի, համայնքների ստեղծագործող հեղինակների հետ և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Այդ օրը գրադարաններում կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին: Այս տարի ծրագրին միացել են նաև Արցախի Հանրապետության քաղաքային ինը գրադարաններ: Հոկտեմբերի 7-ին կկայանա «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գրադարանային բաժնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում նաև գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն տարբեր պարգևներով:

Նմանատիպ նյութեր