211652_close_icon
views-count4080 դիտում article-date 15:46 04-10-2017

Վիրջինիայի միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ քննարկվել են ՀՀ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը: Ներկայացնելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ու ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ դրանք միտված են պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ագրարային ոլորտի զարգացմանը: «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտության վրա հիմնված մրցունակ և շահութաբեր գյուղատնտեսություն ունենալն է: Այդ նպատակով հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցները մատուցում են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ֆերմերների համար իրականացվում են կրթական ծրագրեր, մեծ ուշադրություն ենք դարձնում փորձացուցադրական այգիների հիմնմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը: Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ հիմնադրամի նպատակն է Հայաստանում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը: Կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն կարող է որպես օրինակելի մոդել ծառայել: Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր